Ինչպես արդեն հայտնել էինք, հունիսի 10–15-ը «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցը հյուրընկալել էր Գերմանիայի Աուսբուրգի համալսարանական կլինիկայի սիրտ-անոթային և կրծքային վիրաբուժության բաժնի վարիչ, թորակալ և աբդոմինալ վիրաբույժ Հոլգեր Լիսթլեին։ Սա բժշկի արդեն երրորդ այցն էր Հայաստան՝ համալսարանական հիվանդանոց։
Այցի շրջանակում դոկտոր Լիսթլեն մասնակցել է մի շարք խորհրդատվությունների և վիրահատությունների, հանդիպել հայ վիրաբույժների հետ՝ մեթոդաբանական աջակցության և փորձի փոխանակման նպատակով։ Նա հանդես է եկել զեկուցմամբ՝ նվիրված մինիմալ ինվազիվ վիրաբուժությանը, որի ընթացքում պատասխանել է նաև բժիշկների հարցերին։
Իր զեկույցում գերմանացի վիրաբույժը ներկայացրել է, թե թորակալ վիրաբուժության մեջ երբ են նախընտրում մինիմալ ինվազիվ միջամտություններ, իսկ երբ՝ բաց վիրահատություններ։ Անդրադարձ է եղել նաև թոքի քաղցկեղի վաղ փուլում հայտնաբերմանը, ախտորոշման ժամանակակից մեթոդներին՝ բրոնխոսկոպիա, մեդիաստինոսկոպիա, ՀՏ, ՄՌՏ, ինչպես նաև սքրինինգային ծրագրերին։ Ներկայացվել են թոքի քաղցկեղի դասակարգման տարբերակներն ու բուժման արդի մոտեցումները։
Դոկտոր Լիսթլեն շեշտել է մուլտիդիսցիպլինար աշխատանքի կարևորությունը՝ ընդգծելով, որ երբեք միանձնյա որոշումներ չեն կայացվում։ Թիմային քննարկումներին մասնակցում են վիրաբույժներ, օնկոլոգներ և ռադիոլոգներ։
Զեկույցի ընթացքում նա զուգահեռներ է անցկացրել Գերմանիայի և Ուգանդայի առողջապահական համակարգերի միջև՝ ներկայացնելով նաև Ուգանդայում հիվանդանոց հիմնելու իր նախաձեռնությունը և տեղի առողջապահության առկա խնդիրները։
Մեր մասնագետները բազմաթիվ հարցեր են ուղղել բժիշկ Լիսթլեին՝ Գերմանիայում նրա աշխատանքի, ինչպես նաև քաղցկեղի տարբեր փուլերում վիրահատական ցուցումների մասին։
Ավելի ուշ կներկայացնենք նաև Հոլգեր Լիսթլեի հետ հարցազրույցը՝ մեր երկրում տեսած փոփոխությունների, բժշկության, բժիշկների, պացիենտների և այլ հետաքրքիր թեմաների շուրջ։
.png)